Երևի շատերն առաջին անգամ են նման բառ կարդում, որովհետև Զատիկը որպես քրիստոնեական աշխարհի գերագույն տոն, ոչ մի «ծռություն» պետք է որ չունենա: Բայց արի ու տես, որ սուրբ քաղաք Երուսաղեմում հույները կարողացան այն «ծռել», այսինքն՝ սուրբ օրվա բուն իմաստը աղավաղել: Բանն այն է, որ ըստ ուղղափառների եկեղեցական տոնացույցի` 130 տարին մեկ Զատիկի օրը փոխվում է, այդ պատճառով հայերի հետ տարաձայնություն է ստեղծվում այդ օրը, քանի որ, ըստ մեր հաշվարկների, այն մեկ ուրիշ օր է ընկնում: Կիրակոս Գանձակեցի մատենագիրը այդ մասին տեղեկացնում է, որ 1191 թ. Երուսաղեմի Աբրահամ պատրիարքի օրոք, ծռազատիկի պատճառով տարաձայնություններ և մեծ հուզումներ առաջացան այդ երկու ազգերի միջև, և այդ պղտոր ալիքները մինչև Վրաստան հասան, և որպես ուղղափառ դավանանքի հետևողներ, վրացիները սկսեցին հալածել Հայաստանի հայերին: Վրաց Թամար թագուհին, որի սպասալարներից էին հայոց քաջեր Իվանեն ու Զաքարեն, որպեսզի այդ տարաձայնությունների բորբոքը չտարածվի իր երկրում, մի հայ սպարապետի` Զաքարիա անունով, և էլի երկու անվանի վրաց իշխանների ուղարկում է Երուսաղեմ, որպեսզի քննեն և իմանան, թե որ ազգի Զատիկն է ճիշտ: Երուսաղեմի քաղաքապետը, որն իմաստուն ու խորագետ մարդ էր, տեղեկանալով` ինչի համար են եկել այդ անվանի մարդիկ, հույների ճրագալույցին, որը մի շաբաթ առաջ էր մերինից, սուրբ Գերեզմանի միջի բոլոր կանթեղները մարել է տալիս, և դուռը փակելով կնքում է իր կնիքով: Հաջորդ օրը, երբ պետք է Լույսի հանման արարողությունը սկսվեր, բոլորը սրտատրոփ սպասում էին, որ հրաշք Լույսը վառվի, բայց երկար սպասելուց հետո այդպես էլ կանթեղները մնացին մարած, ինչի պատճառով քաղաքապետը հույներին ու վրացիներին անարգանքով դուրս է հանում Տաճարից:
Մեկ շաբաթ հետո հայերի հերթն էր կատարելու Զատիկը: Քաղաքապետը մեր ճրագալույցի օրը նորից փակելով ու կնքելով սուրբ Գերեզմանը, սպասում է հաջորդ օրվա իրադարձություններին, որպեսզի վճռի, թե ում Զատիկն է ընդունելի Տիրոջը: Երբ սկսվում է մեր արարողությունը, լուսահանման պահին հանկարծ ամբողջ Տաճարով մեկ անհասկանալի, բայց մեղմաձայն հնչյուն է լսվում, մեկեն բռնկվում է սուրբ Գերեզմանի կանթեղը, և ուրախության ու ճշմարտության Լույսը դուրս են հանում, որպես հաստատության կնիք հայոց հավատի: Հույներն ու իրենց դավանակիցները ամոթի և նախանձի խառը զգացումներով թողնում են լուսավառ ջահերով ցոլացող Աստծո Տաճարը, իսկ իշխանավորներն այդ լուրը տանում են Թամար թագուհուն, որից հետո արդեն դադարում են հայոց հավատի հանդեպ եղած ոտնձգությունները: Դուք կարծում եք, թե այս բավակա՞ն էր, որ հույները խրատվեին ու այլևս ծռազատիկի խնդիրներ մեջտեղ չհանեին: ՈՒրիշների համար թերևս բավ էր, բայց խստապահանջ հույների համար ոչ, քանի որ մի քանի դար անց նորից այս չարաբաստիկ ծռազատիկի հորձանուտները սկսեցին ալեկոծել եկեղեցիների անդորրը, բայց այս անգամ ավելի դառը հետևանքներով: Եվ այդ կատարվեց 1634 թ., երբ հույները այդ տարի նորից պետք է իրենց Զատիկը հայերից մեկ շաբաթ առաջ կատարեին, բայց ամեն գնով ուզում էին մեզ ստիպել, որ իրենց հետ կատարենք, որպեսզի հետո մենք առանձին իրավունք չունենանք սուրբ Գերեզման մտնելու և կատարելու մեր Զատիկը: Եվ ըստ իրենց նենգամիտ հնարքների` այս անգամ էլ հեռվից սկսեցին իրագործել իրենց ծրագիրը: Դեռ մեկ տարի առաջ Գրիգոր Պարոնտեր պատրիարքը և հայոց այլ միաբան եպիսկոպոսների, այդ թվում` ղպտիների, ասորիների և հաբեշների պատասխանատուները հավաքվեցին մեր Սուրբ Փրկիչ վանքում, որտեղ հույները առաջարկում են հայերին, որ մեր ավագ շաբաթվա արարողությունները կատարենք մեկ շաբաթ շուտ, որպեսզի մասնակցենք նրանց Զատկին: Մեր պատրիարքը, լինելով խորագետ և իմաստուն մեկը, իսկույն հասկացավ դրա հետևում թաքնված վտանգը, ասաց. «Ձեր այդ առաջարկից մեզ երկու վնաս կարող է պատահել. նախ մեր պահքը կլուծարվի, որով և եկեղեցական օրենքը կոտնահարվի, դրանով իսկ կկորցնենք մեր սուրբ Աթոռի հարգն ու հեղինակությունը, և փոխարենը նզովք ու նախատինք կժառանգենք ամբողջ մեր ազգից»: Եվ երբ ժողովից հետո բոլորը պետք է դուրս գային վանքից, պարզվեց, որ հույները նախապես դատարանի կատարածուներ էին բերել տվել, որ մուտքի մոտ բռնեն հայոց պատրիարքին: Այս տեսնելով, քրիստոնեական մնացած եկեղեցիների անդամները, և նույնիսկ մահմեդականները դատարան են գնում, որ պաշտպան կանգնեն հայերին: Եվ, ի վերջո, դատարանը, լսելով այս ամենը, որոշում է` հույները մեկ շաբաթ առաջ պետք է տոնեն իրենց Զատիկը, իսկ հայերը` իրենց ընդունված օրը: Երբ մոտեցավ հույների տոնի արարողության օրը, և Լույսն ուշացավ, սուրբ Գերեզմանի մոտ խռնված ամբոխը սկսեց ալեկոծվել: Եվ վերջինները, որպեսզի ռամիկ ժողովրդին խաբեն, Ահմեդ աղա անունով մի չավուշի 500 դահեկան կաշառք են տալիս, որ նա գաղտնաբար լուցկի գցի սուրբ Գերեզմանի լուսահանման անցքից ներս, որ հույն պատրիարքը կարողանա հանել Լույսը: Այդ մասին իմանում են լատիններից մեկից, որը պատահաբար էր լսել այդ մասին։ Իսկույն զինվորներ են բերում և պատժում են կաշառք վերցնող չավուշին: Երկար սպասելուց հետո հրաշքը չի կատարվում, և այդ տարի հույները բոլորի աչքի առաջ խայտառակ են լինում, ու դեռ արարողությունը չավարտված նրանց հանում են տաճարից ու դուռը կնքում պահապաններ կարգելով:
Հաջորդ շաբաթ, հայոց ճրագալույցին նորից են բացվում դռները, հույներից և ոչ մեկին չեն թողնում ներս, բացի տաճարի իրենց լուսահանից, իսկ հայերը ղպտի, ասորի, հաբեշ դավանակից եկեղեցիների հետ հաշտ ու հանգիստ անցկացնում են սուրբ Զատիկի տոնակատարությունը: Բայց այս ծռազատիկի «փլավը» դեռ շատ ջուր էր ուզում, որովհետև հույները, չկարողանալով տանել իրենց ստացած անարգանքը, հախուռն բազմությամբ Բերիայում գտնվող մեծ վեզիրի մոտ են գնում, որ ամբաստանեն հայերին, որ իբրև թե նրանք կաշառքով ձեռք բերեցին իրենց Զատիկի տոնակատարության իրավունքը, դրանով իսկ խանգարելով հույներին, որ անցկացնեն իրենց իրավունքի արարողությունը: Բայց Պարոնտեր պատրիարքը, նորից իրեն հատուկ խորագիտությամբ, Երուսաղեմի դատավորների մոտ գնալով, տեղեկացնում է այդ մասին, և ասում, որ պետք է դատավճռի օրինակներն ուղարկել թե՛ Բերիա` մեծ վեզիրին, և թե՛ Կ. Պոլիս, որպեսզի հույների ամբաստանությունից չտուժեն ո՛չ դատավորները, և ոչ էլ հայերը: ՈՒ վճռի մի օրինակ վերցնելով, պատրիարքը Բերիա է շտապում, բայց մինչ այդ հասած հույները իրենց ճարտարախոս հնարքներով կարողացել էին մեծ վեզիրի բարկությունը բորբոքել հայերի դեմ, ու վերջինս երբ լսեց, որ մեր պատրիարքը ժամանել է, իսկույն նրան իր մոտ է բերել տալիս: Հայոց պատրիարքը խոնարհաբար նրան է ներկայացնում դատավճռի կրկնօրինակը և հանդարտությամբ բացատրում ընդհարման պատճառները: Վեզիրը տեղեկանալով իրականությանը, և գրության միջոցով համոզվելով, որ հույները ուզեցել են իրենց մեղքերին մասնակից անել իրեն, և դա իսլամության դեմ որպես անարգանք ու թշնամություն համարելով, զայրացած կանչել է տալիս նրանց մետրոպոլիտին և 86000 դինարի տուգանքով դատապարտելով` նրան վռնդում է իր մոտից: Բայց մարդկային չարությունը, դրդվելով սատանայի կողմից, նման է գործող հրաբխի, որն անդադար ժայթքելով ու տարածվելով, իր շուրջը միայն մահ ու թշվառություն է սփռում: Այդպես էլ այս չարաբաստիկ ծռազատիկը շարունակում էր իր ճանապարհին հոգևոր ավերածություններ գործել, որովհետև երբ հույների պատգամատարները Կ. Պոլիս հասան, իսկույն տեղի երևելի ազգակիցներին տեղեկացրին Երուսաղեմում կատարված դեպքերի մասին, իհարկե իրենց ծռազատիկի նման ամեն բան ծամածռելով ու նենգափոխելով, որ իբր հայերը, կաշառելով դատավորին, հույներին Սուրբ Հարության Տաճարից դուրս են վռնդել, և դրանով իսկ արգելել են իրենց Զատիկը կատարել: Նրանք էլ կաշառքով մտնում են Քենան փաշայի մոտ, և հայ լուսահանին, որը Երուսաղեմից էր եկել, բանտարկել են տալիս: Բայց շուտով տեղի հայերի միջոցով նրան տեղեկացնում են ճիշտ եղելությունը, և լուսահանին բանտից ազատում են: Հույները իրենց մտադրությունից նորից հետ չկանգնելով, այս անգամ ավելի վերին դասերին են դիմում, և քանի որ սատանան ամեն տեղ իր ծառաներն ունի, այս անգամ հայերի դեմ է դուրս գալիս պալատական Բայրամ փաշան, որը, լսելով նրանց, անօրինաբար հայերից ինը հոգու մահապարտների բանտն է նետում: Նրանցից ընտրելով երկու հոգու, առանց դատ ու դատաստանի կառափնարան են տանում: Այնտեղ կուտակված ամբոխի մեջ, ըստ արևելյան հին սովորության, սուլթան Մուրադը ծպտված հասարակ հագուստով, դիտում և լսում էր կատարվածը: Նա, մոտենալով մի հայ պարզամիտ գյուղացու, հարց ու փորձ է անում, թե ինչ պատճառով են գլխատում այս մարդկանց: Նա էլ պատմում է, թե ինչպես հույները կաշառելով Բայրամ փաշային, հայերի բերած դատարանի փաստաթղթերը մեջտեղ չհանելով, ծածկել են իրողությունը: Մի քանի այլ հարցերից հետո, սուլթանը իրազեկ է դառնում եղելությանը, ինչի պատճառով հայերն ազատվում են հետագա հալածանքներից, որ պատրաստվում էին իրագործելու սուլթանի բարձրաստիճան պալատականները: Բայց այն երկուսին գլխատում և մարմինները կախում են քաղաքի գլխավոր հրապարակի վրա, և չեն թողնում որևէ հայ մոտենա և մարմինները հողին հանձնի: Գիշերը հանկարծ քաղաքում մեծ որոտումներ են լսվում, և սարսափելի ճայթուններով դղրդում է Կ. Պոլիսը: Տագնապահար ժողովուրդը դուրս է գալիս տներից, և հանկարծ բոլորի աչքի առջև երկնային մի սքանչելի լուսեղեն սյուն է իջնում և հանգչում նահատակների մարմինների վրա: Այս բանին ականատես է լինում նաև թագավորի ողջ պալատը, այդ պատճառով արևածագից հետո սուլթանը անմիջապես հրաման է տալիս Կեսարիայի Գրիգոր պատրիարքին, որ ինչպես պատշաճ է քրիստոնյաներին, եկեղեցական արարողություններով տանեն թաղեն նահատակների մարմինները: Հայերը` մեծահանդես ու փառահեղ հանդիսավորությամբ վերցնելով նահատակների մարմինները, տանում, հողին են հանձնում սուրբ Նիկողայոսի եկեղեցու գերեզմանատանը: Նույն գիշերը նորից երկնային սքանչելի մի լույս է իջնում, բայց այս անգամ տեղատարափ անձրևի ուղեկցությամբ և լուսավորում սրբերի շիրմափոսերը: Հեռվից տեսնողների համար կարծես այդ տեղում հրդեհ բռնկված լիներ, այնքան ահավոր էր երկնատեսիլ այդ նշանը:
Լույսի օրվա նկարագրման համար նորից երկու դար հետ գնանք։ Կարդանք Զատիկի նկարագրությունը, որի ականատեսն էր մի անգլիացի ուխտավոր: Այդ նկարագրությունը մեջբերում եմ ինչպես որ կա. «ՈՒրբաթ, 2-ը մայիսի, 1834 թիվ: Բարեկամներով միասին գնացինք Սուրբ Հարության տաճար: Ժամը երեկոյան հինգն էր, մեզ համար տեղ էին ապահովել լատինների վերնատան մեջ, ինչպես նաև գիշերելու անկողիններ` կողքի վանքի մեջ: Եկեղեցին լեցուն էր և հետզհետե նոր եկողներ էլ կային: Ղպտիների մի փոքրիկ թափոր տեսանք, որին հետևեցին ասորիները: Հետո չեմ հիշում, քանի որ քնեցի: Կես գիշերին, երբ արթնացա, հույների թափորն էր պտտվում: Մի դրոշակի վրա տանում էին սուրբ Փրկչի նկարը, որը հետո ամրացրին սուրբ Գերեզմանի վրա, և կարճ ժամանակ չանցած հանեցին տարան իրենց եկեղեցին: Հայերը այս տարի թափոր չարեցին: Հետո նորից քնեցի մինչև առավոտ: Երբ արթնացա` եկեղեցում ահավոր տեսարան էր բացվել: Ամբոխն այնքան էր խտացել, որ կարծես մարդիկ իրար վրայով էին սողում, իսկ տեղ-տեղ մարդկային բուրգեր էին գոյացել: Հանկարծ վազք սկսվեց եկեղեցու մեջ, և շատերը գրեթե մերկ, պարում էին խենթի պես, տգեղ ճիչեր արձակելով: Անկազմակերպ մի տեսարան էր, որ գրեթե անհնար է նկարագրել: Ամբոխի թիվը, կանթեղների առատությունը, ջերմությունը, ծուխն ու գոլորշին հստակ տեսողությանը խանգարում էին: Ամեն պատշգամբ ու պատուհան, ուր որ կարելի էր կանգնել, բացի վերնատնից, որ տրամադրված էր ինձ ու Իբրահիմ փաշային, խճողված էր: Այդ տարի 17000 ուխտավոր կար Երուսաղեմում, որոնց մեծ մասը եկել էր «Լուսավորեան» տեսնելու: Կեսօրին ժամանեց Իբրահիմ փաշան: Նրա զինվորները հրացանի կոթերով, և գավազները իրենց բիրերով, ճանապարհ բացեցին: Փաշան նստեց վերնատանը, լատինների բաժնում: Հույները ի պատիվ նրա մասնավոր թափոր կազմակերպեցին: Երեք վարդապետներ սրինգով քայլում էին թափորի առջևից, հետո գալիս էին դպիրները` իրենց մոմերով և ապա զինվորներն իրենց սվիններով, հետո բժիշկներն ու սպաները: Փաշային դիմավորեցին նաև հազարավոր կանայք, որոնք յուրահատուկ, սուր ու այս կրոնական վայրի մթնոլորտի հետո չներդաշնակվող ճիչեր էին արձակում: Փաշան մուգ գույնի տաբատ էր հագել, մանուշակագույն հագուստ և կարմիր ֆես էր դրել գլխին: Լատին վարդապետները նրան համով շարբաթ հրամցրին: Կեսօրվա մոտ ժողովուրդը, որ ամբողջ գիշեր արթուն ու ոտքի վրա էր մնացել, հոգեկան տարբեր հուզական տրամադրության մեջ մտավ, և երբ «հրաշքի» ժամը մոտեցավ, չէր կարողանում իր ուրախությունը զսպել: Ժամը մեկին փառավոր թափոր եկավ հույների բաժնից, իրենց պատրիարքի գլխավորությամբ: Թափորը երեք շրջան անելուց հետո, պատրիարքն իր արծաթյա թելերով շուրջառը հանեց և մտավ սուրբ Գերեզման, որից հետո դուռը փակվեց: ՈՒխտավորները մեծ հուզման մեջ էին և բարձրաձայն աղմկում էին: Մարդկային ամբոխը այնպես էր շարժվում, կարծես քամին տատանում էր դաշտի ցորենահասկերը: Սուրբ Գերեզմանի կողքին մի կլոր պատուհան կա, որի միջով փոխանցում են ջահը: Առաջին ստացողը մեծագույն գումար վճարողն է լինում, ինչը մեծ պատիվ է համարվում: Նա զինվորական պահակախմբով առաջնորդվում է դեպի այդ փոքր պատուհանը: Մի պահ քար լռություն է տիրում: Եվ հանկած սուրբ Գերեզմանից լույս է երևում և բախտավոր ուխտավորը ներսից, պատրիարքի ձեռքից ստանում է օրհնյալ կրակով վառված ջահը, որը կազմված է բարակ մեղրամոմերից, և շրջանակված է երկաթե օղակով, որպեսզի բռնողը հագուստը չկեղտոտի: Դրանից հետո կարծես մի ճակատամարտ սկսվեց անմիջապես: Ամեն մեկն ուզում էր մյուսից շուտ ստանալ իր «լույսը»: Ասում են, թե այդ ուխտավորը 100000 ղուրուշ է վճարել այդ պատվին արժանանալու համար, որովհետև հավատում էին, որ դրանից հետո արքայության դռները բացվում են այդ բախտավորի համար: Ղպտիները ութ քսակ ստացան այն ուխտավորից, որն առաջինն իր կրակը վառեց իրենց կողմից: Այս է ամբողջ արարողությունը, ոչ աղոթք կար և ոչ էլ քարոզ: Մի քիչ թափոր, կարճ երգեցողություն. և վերջ: Շուտով լույսերը տարածվեցին ամեն կողմ, շատերը մոմերի խուրձերը մոտեցնում էին դեմքներին, ձեռքներին և կրծքներին` իրենց մեղքերի քավության համար: Կարճ ժամանակամիջոցում ամբողջ Տաճարը ծխի ու մթության մեջ թաղվեց: Հոտը անտանելի էր: Երեք դժբախտ անձեր, չդիմանալով շոգին և օդի ապականությանը, վերնատնից ընկան և ջարդուփշուր եղան, իսկ 17-ամյա մի հայ աղջիկ մեռավ իր նստած տեղում, տաքությունից, ծարավից ու հոգնությունից:
Որոշ ժամանակ հետո Իբրահիմ փաշան զգաց, որ այլևս տեսնելու բան չունի այստեղ, վեր կացավ Տաճարը թողնելու համար: Իր զինվորները ճանապարհ բացեցին խիտ ամբոխի միջով: Նկատի առնելով բազմության հոծությունը, մի քիչ սպասեցինք և հետևեցինք զինվորներին: Հասանք մինչև սուրբ Կույսի ուշաթափման վայրը, ու նկատեցի, որ բազմաթիվ մարդիկ իրար վրա պառկած էին Տաճարի այդ բաժնում, մինչև մայր դուռը: Փորձեցի ճեղքել այդ շարքերը, բայց այնքան խիտ էին, որ անհնար էր: Եվ ստիպված մարդկանց մարմինների կույտերի վրա կոխկրտելով էինք քայլում առաջ: Բայց այդ պահին, կիսամութի մեջ կռահեցի, որ այդ պառկողները մարդկային դիակներ էին, որ նախապես կարծում էի, թե գիշերային հոգնությունից պառկել են հանգստանալու: Բայց երբ մոտիկից տեսա, ապա նշմարեցի նրանց սևացած ու անշունչ դիմագծերը, որոնք խեղանդամ էին եղել, իսկ ոմանք էլ արյունլվա էին և ուղեղները դուրս թափված, երբ ոտքերով կոխկրտելով անցել էին վրաներով:
Տեսնելով այդ` բղավեցի բարեկամներիս, որ հետ դառնան, բայց մարդկային ալիքը տարավ ինձ մինչև դուռը, ուր ամեն մարդ իր կյանքը ազատելու պայքարի մեջ էր: Փաշայի սպաներից մեկը, որը հազարապետ էր, ինձ նման ահաբեկված, փորձում էր հետ դառնալ: Նա, բռնելով բաճկոնիցս, իր հետ ինձ էլ գետին քաշեց, ու երկուսս էլ ընկանք մի մարդու վրա, որ արդեն հոգեվարքի մեջ էր: Մեռելների մեջ ընկած, երկուսս էլ պայքարում էինք հուսահատ կորովով: Ես կարողացա վեր կենալ, բայց ինքը ոչ: Ոտքիս տակ միայն դիակներ էին: Քիչ անց ամբոխի ճնշումից արդեն ուրիշ տեղ էի, որտեղ արյունոտ շորերով մարդիկ ելքն էին փնտրում: Ամբոխը կարծես փրփրած էր, ու բարեբախտաբար այդ մարդկային կատաղի ալիքը ինձ շպրտեց կաթոլիկների բաժինը, որտեղից, փա՜ռք Աստծո, կարողացա ազատվել:
Մեռելների քանակը այնքան շատ էր, որ նույնիսկ պատանատեղիի վրա էլ էին պառկել մնացել: Միայն ինքս մոտ 100 դժբախտ ուխտավորների մահվանը ականատես եղա: Իբրահիմ փաշան ինձնից մի քանի րոպե առաջ էր կարողացել ազատել իր կյանքը, նույնիսկ ամբոխի մեջ նրա վրա հարձակում էին գործել, բայց իր զինվորների և սրերի օգնությամբ կարողացել էր փրկվել սարսափից կատաղած ամբոխից, բայց իրեն ուղեկցող մի քանի պահակներ ոտնատակ լինելով մահացել էին: Դուրս գալով շրջափակումից, նա հրամայեց դիակները փոխադրել, որպեսզի դրանց կույտերի տակ դեռևս շնչող մարդկանց ազատեն, իսկ մեզ լուր տվեց, որ լատինների վերնատանը մնանք մինչև դիակները տեղափոխեն:
Երկու ժամ մնացինք մեր սենյակներում, մինչև որ համարձակվեցինք մի նոր փորձ անել փախչելու այդ ահավոր միջավայրից, ու վերջապես խիզախելով կարողացանք դուրս պրծնել տաճարից: Դիակների մեծ մասը տարել էին, բայց տակավին 20-30 մեռել ընկած էր գետնին, խիստ այլանդակված վիճակում: Գողգոթայի ստորոտում, այս ու այն կողմ, թափված էին արյունլվա շորեր, կոշիկներ, թաշկինակներ ու այլ մարդկային արյունաթաթախ հագուստի ծվեններ: Տեսարանը առավել քան խղճալի էր. մայրերը ողբում էին իրենց մանուկների համար, զավակները` իրենց ծնողների ու հարազատների համար, իսկ մի խեղճ կին ամուր կառչել էր իր անշնչացած ու արյունլվա ամուսնուց, և չէր ուզում բաց թողնել:
Հուզված Իբրահիմ փաշան անձամբ հսկում էր, որ այդ խեղճ արարածներին մարդասիրական օգնություն ցույց տան: Ամեն ինչ հուզիչ էր, մանավանդ երբ ճերմակ մորուքներով երկու ծեր մարդկ իրար գտան, փաթաթվելով համբուրում էին իրար, ու անընդհատ լաց լինում: Երբ դիակները հանում էին, տեսան, որ շատերը իրենց տեղում էին մեռել, հոգնած, քնած ժամանակ: Դիակները շարեցին Տաճարի գավիթում, որ հարազատները ճանաչեն ու տանեն թաղելու: Շատերը սպիտակ պատանքով էին փաթաթված, որ նախապես կրել էին իրենց մեջքերին: Ո՜վ կկարծեր, որ այստեղ հասնելուց հետո պիտի մեռնեն: Հաջորդ առավոտ դեռ լսվում էր սգակիրների ողբի ձայնը: Մեռնողների թիվը մոտ 300 էր, 200 էլ վիրավոր կար: Այսպիսով Զատկի տոնը, որ ուրախության տոն էր, շատերի համար վերածվեց սգո արարողության: ՈՒխտավորների համար այս աղետալի դեպքից հետո բոլորս էլ փութացինք օր առաջ թողնել քաղաքը, մանավանդ որ լսեցինք թե համաճարակ է սկսվել: Եվ ես 1834 թ. մայիսի 6-ին հրաժեշտ տվեցի սուրբ քաղաքին»:
Ահա ընթերցողի աչքի առջև նկարագրվեց մի ողբալի պատկեր, որը տեղի է ունեցել 1834-ին: Եվ այս տխուր պատմության շարադրանքը կատարեցի, որպեսզի ամեն հայորդի միտք առնի, որ հավատը մի բան անելով չէ որ կենդանի է, այլ մի բան լինելով, այսինքն՝ Տիրոջ պատվիրանները սրբությամբ պահելով:
Ահա այս տխուր տողերը գրեցի, որպեսզի նման վիճակների մասին տեղեկանալուց հետո, Աստծուց իմաստություն խնդրենք, որ սթափությամբ ապրենք մեր կյանքի մնացած օրերը:
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ